Ձմռան նախաշեմին «Նաիրի» հյուրանոցում բնակվող փախստականները հնարավոր է հայտնվեն փողոցում եւ ստիպված լինեն վրաններ խփել կառավարության առջեւ:

Այս մասին Խորհրդարանի ամբիոնից հայտարարել է  իշխող Հանրապետական կուսակցության անդամ Սպարտակ Մելիքյանը:

«Նման անօրինական վերաբերմունքը փախստականների նկատմամբ նրանց ստիպել է իրենց այստեղի կյանքը համեմատել Ադրբեջանում էթնիկ զտումների տարիների հետ»,-ասել է պատգամավորը` ընդծելով, որ փախստականների նկատմամբ մոտեցումը նման է թուրքերի մոտեցմանը. անջատում են էլեկտրաէներգիան եւ ջուրը: Բոլոր այս անօրինականությունները, պատգամավորի հավաստմամբ, իրականացվում են Հայաստանի արհմիությունների համադաշնության կողմից, տուրիզմի զարգացման  հիմնադրամի եւ Միգրացիոն ծառայության լուռ համաձայնությամբ:

«Նաիրի» հյուրանոցից փախստականների դուրս բերման որոշմանը, որը նախաձեռնել է զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, կողմ են քվեարկել Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես, Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը:  Պատգամավորը վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությունը հրավիրեց այսպիսի փաստերի վրա: