«Կոնվերս բանկ»-ը հայտարարություն է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին այն մասին, որ բանկի «Արմավիր» եւ «Մեծամոր» մասնաճյուղերում հերթական ստուգման ժամանակ հայտնաբերվել են ոսկու եւ/կամ թանկարժեք քարերի գրավով ապահովված վարկերի դիմաց գրավադրված ոսկյա իրերի քանակի անհամապատասխանություններ կոնկրետ հաճախորդների գծով:
Բանկից NEWS.am-ին հայտնում են, որ «Կոնվերս բանկը» հաստատում է, որ բացի վերոնշյալից, անհամապատասխանության այլ դեպքեր մնացած վարկառուների գծով չեն հայտնաբերվել եւ հաճախորդների կողմից գրավադրված ոսկյա իրերը պատշաճ վիճակում են, գտնվում են բանկի հուսալի պահպանության եւ հսկողության ներքո:
Նշենք, որ Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95 տոկոս եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5 տոկոս:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ մամուլի հրապարակումների, «Կոնվերս բանկի» Արմավիրի մասնաճյուղում ոսկյա զարդերի գրավադրման միջոցով վարկ ստացած քաղաքացիներն արդեն մի քանի օր է, չեն կարողանում հետ ստանալ իրեն զարդերը: Ըստ այդմ, նրանք կատարել են վարկի մարումը եւ ըստ գործող կարգի՝ պետք է հետ ստանան բանկում գրավադրված ոսկին: Իրենց ոսկյա զարդերը հետ ստանալ ցանկացող քաղաքացիներին հրավիրում են ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ նրանց բացատրում են, որ իրենց ոսկյա զարդերը կարող են հայտնված լինել այլ պարկերում, կատարվում է քննութուն, եւ դրանք կվերադարձվեն հայտնաբերվելու դեպքում: Արմավիրում խոսում են, որ բանկում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի եւ Մեծամորի մասնաճյուղերի գնահատող ոսկերիչները պահ տված ոսկեղենը փոխարինել են արժեք չներկայացնող զարդերով՝ բիժուտերայով, իսկ ոսկյա զարդերը՝ կրկին գրավադրել են եւ վարկեր վերցրել:





























