Նոյեմբերի 22-ին` ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող Բելինսկու անվան դպրոց-վարժարանի շենքում ռումբ է տեղադրված, որը պայթելու է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ահազանգը կեղծ է, հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգի հեղինակը Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, Երեւանի հոգեբուժական կենտրոնում հաշվառման մեջ գտնվող, 25-ամյա Կարեն Սաթյանն է, ում նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: