Աշխարհում հանրահայտ գիտական հրապարակումների հասանելիությամբ Sci-Hub.cc-ի հիմնադիր Ալեքսանդրա Էլբակյանը Ռուսաստանի տարածքում բոլոր օգտատերերի համար կայքը փակել է: Արդեն քանի տարի կայքը բաժանորդագրությամբ կամ վաճառքով տարածվող գիտական հոդվածների ազատ բեռնման հնարավորություն է տալիս: 2016 թվականի դեկտեմբերին Nature ամսագիրը Էլբակյանին անվանել էր գիտության զարգացման վրա կարեւոր ազդեցություն գործող մարդ. այդ ժամանակ արդեն սերվերը 60 մլն հոդված էր պարունակում, իսկ 2016 թվականին ամբողջ աշխարհում կայքից բեռնվել է 75 մլն հոդված, փոխանցում է Gazeta-ն:
Սեպտեմբերի 5-ից ծառայությունը Ռուսաստանի տարածքում աշխատանքը դադարեցրել է, ինչպես նշված է կայքի հաղորդագրության մեջ՝ «ռուսալեզու համացանցում Ալեքսանդրային այն մարդկանց կողմից «թունավորելու» պատճառով, որոնք պատկանում են, այսպես ասած, ռուսական «լիբերալ ընդդիմությանը»:
«Օրինակ՝ նրանք տեղեկություններ են տարածում, որ Ալեքսանդրան խելագար է, եւ նրա անձը ամեն կերպ սեւացվում է: Ի տարբերություն Sci-Hub-ի հիմնադրի՝ այս մարդիկ համընդհանուր աջակցություն են վայելում, ոմանք նույնիսկ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայում բարձր պաշտոններ են զբաղեցնում եւ ոչ միայն գիտական հեղինակավոր մրցանակներ են ստանում, այլեւ հավանություն՝ Ալեքսանդրային ուղղված վիրավորանքների համար…Ձեր ճաշի մեջ եփվեք, իսկ ինձ սա արդեն զզվեցրել է, առանց ռուսական գիտության սայլն ավելի հեշտ առաջ կշարժվի»,- նշված է կայքի հաղորդագրության մեջ:
Դրանից զատ, Էլբակյանին վրդովել է այն, որ վերջերս ՌԳԱ աշխատակիցը Էլբակյանի պատվին է անվանել մակաբույծ միջատ: Կայքի հիմնադրի խոսքով՝ օգտատերերը դեռեւս կարող են կայք մտնել ուրիշ երկրից՝ օգտագործելով VPN ծառայությունները կամ փրոքսին:

























