Հարավային Կորեայում սեպտեմբերի 4-6-ն անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով Սեուլ կատարած այցի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Սեուլի հայ համայնքի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, հանդիպում է տեղի ունեցել «Samsung» ընկերությունում աշխատող հայ երիտասարդ մասնագետների հետ, որոնց թվում կա նաեւ Կորեայի համալսարանի տրանսպորտային անվտանգության ֆակուլտետի ուսանող:
Երիտասարդ մասնագետները նախարարին պատմել են ընկերությունում իրենց առաջխաղացման ու հաջողությունների մասին:
Վահան Մարտիրոսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել, եթե երիտասարդները ցանկություն ունենան ծրագրեր իրականացնել Հայաստանում կամ նախաձեռնել ՏՏ կորպորացիաների` հետազոտական կենտրոնների կամ արտադրության հիմնում մեր երկրում:
Երկկողմ հանդիպմանը ներկայացվել են նաեւ ՏՏ ոլորտում նախարարության լիազորությունների շրջանակը, նախագծերին աջակցության մեխանիզմները:
Հանդիպման մասնակիցները խոսել են հարավկորեական ՏՏ ոլորտի զարգացումների մասին, ներկայացրել տրանսպորտի կառավարման էլեկտրոնային համակարգերի յուրահատկությունները:
Վահան Մարտիրոսյանը հայ մասնագետներին առաջարկել է համագործակցել Հայաստանի քաղաքներում տրանսպորտային հոսքի մոնիտորինգի համակարգի մշակման նախագծի շրջանակներում:



























