Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 13:00-ի դրությամբ Բյուրականի անտառում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով, որոնցում ներգրավված է 12 մարտական հաշվարկ, 8 օժանդակ մեքենա, 157 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային ստորաբաժանման աշխատակիցներ եւ Բյուրականի բնակիչներ:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհաշիջումն իրականացվում է ինչպես հրշեջ մեքենաների, այնպես էլ փոքր շարժական ջրատար սարքերի միջոցով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար:

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը եւ դրանց զարգացման ուղիները:

Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվել են փրկարար-դեսանտայիններ, որոնց առջեւ խնդիր է դրված տեղայնացնել եւ մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ եւ անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:

Նախօրեի դրությամբ, Բյուրական գյուղին հարակից սարում  այրվել է 80 հա տարածք։ Այրված մակերեսը կազմում է 80 հա:

Ժամը 23:00-ին դեպքի վայր է ժամանել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: