Ատլանտյան օվկիանոսում «Իրմա» փոթորիկն ուժգնացել է մինչեւ առավելագույն՝ 5-րդ աստիճան, հայտնում է ԱՄՆ փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Քամու առավելագույն մշտական արագությունը հիմա գերազանցում է 280 կմ/ժ–ը։
Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում ծագած փոթորիկը շարժվում է Կարիբյան ծովի ավազանի ուղղությամբ։
Փոթորկի նախազգուշացումը հրապարակվել է Անտիգուա եւ Բարբուդայի, Սենթ Քիթս եւ Նեւիսի, Անգիլիա եւ Մոնսերատ բրիտանական կղզիների, Հոլանդիային պատկանող Սաբա եւ Սինտ Էստատիուս կղզիների, Սեն Մարտեն կղզու եւ Ֆրանսիայի Սեն Բարտելեմիի տարածքի համար։
Արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել նաեւ ԱՄՆ–ին պատկանող Պուերտո Ռիկո կղզում եւ Ֆլորիդայի նահանգում։



























