ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2006 թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. սեպտեմբերի 5-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 12:30-ին, Երեւանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր»  եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողություններ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել 4-րդ ավտոմեքենան՝ «Հոնդա» մակնիշի։ Վերջինիս վարորդը ներկայացել է քննությանը եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախնական տվյալներով՝ 27-ամյա վարորդը՝ ԱԻՆ-ի աշխատակից, իր «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարելիս, խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը, որի հետեւանքով վերջինիս վարորդը մանեւրել է եւ դուրս գալով հանդիպակաց գոտի՝ բախվել «Օպել» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին, իսկ ինքը թողել է դեպքի վայրը եւ հեռացել:

«Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է`ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: