WhatsApp մեսենջերի մշակողները ծրագրում են վճար գանձել խոշոր ձեռնարկություններից, որոնք օգտագործում են այն հաճախորդների հետ շփման համար, գրում է TechCrunch պարբերականը։

Խոշոր ընկերությունները միաժամանակ կստանան հարմար գործիքներ՝ օգտատերերի հետ հաղորդակցության համար, օրինակ ավիաչվերթների ժամանակի մասին կամ առաքումը հաստատող ծանուցագրեր ուղարկելու հնարավորություն։

WhatsApp –ը մտադիր է մեկ այլ հավելված մշակել փոքր ու միջին բիզնեսի համար։ Այն կլինի անվճար, բայց դրա հնարավորությունների մասին դեռ չեն հայտնում։

Ընկերության բլոգում բացատրում են, որ այդ նորամուծություններն անհրաժեշտ են համարել այն պատճառով, որ այսօրվա դրությամբ WhatsApp –ի օգնությամբ ընկերությունների ու հաճախորդների միջեւ հաղոդակցությունը «կատարյալ» չէ։

«Մենք գիտենք, որ բիզնեսն ունի բազմաթիվ տարբեր պահանջներ։ Օրինակ ընկերություններն ուզում են ունենալ պաշտոնապես հաստատված հաշիվ WhatsApp–ում, որպեսզի մարդիկ նրանց կարողանան տարբերել անհատ օգտատերերից՝ նաեւ ընկերություններին պետք է հաճախորդների հաղորդագրություններին պատասխանելու ավելի հասարակ միջոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։