Այնպիսի առարկայի դասավանդման խնդիրները, ինչպիսին ինֆորմատիկան է, առկա են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Սեպտեմբերի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ինֆորմատիկայի նոր դասագրքի շուրջ առաջացած իրարանցումը:
Նրա խոսքով՝ խնդիրն արդեն վաղուց գլոբալ է դարձել, քանի որ ինֆորմատիկան մի առարկա է, որի դասավանդման մեթոդիկան մշտապես ակտիվորեն զարգանում է: «Դասագիրքն ինչպես էլ գրվի, արդեն գրելիս այն կարող է հնացած համարվել»,- պարզաբանեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ աշխարհում ամեն ինչ չափազանց արագ է փոխվում, քանի որ գիտության եւ մարդկության զարգացումը տեղում չի դոփում:
Փորձագետի կարծիքով՝ խնդիրն այն է, որ ինֆորմատիկայի դասագիրքն այժմեական վիճակում պահպանելը զգալիորեն ավելի բարդ է, քան մյուս առարկաների դասագրքերը: Նա նշեց, որ Հայաստանում երեխաներին սովորեցնում են օգտվել միայն Windows-ի նման վճարովի համակարգչային օպերացիոն համակարգերից, որը նրանց տվյալ համակարգից որոշակի կախվածության մեջ է դնում՝ սահմանափակելով ընտրության հնարավորությունը, ինչպես նաեւ հանգեցնում է երկրում տարատեսակ օպերացիոն համակարգերի չհավաստագրված տարբերակների զարգացմանն ու տարածմանը: «Կարծում եմ՝ չարժի կախում ունենալ դասագրքից: Դրանից սկզբունքորեն պետք է ամբողջությամբ հրաժարվել: Ի վերջո՝ սա նաեւ շրջակա միջավայրի պահպանության հարց է: Ինչու նման քանակությամբ թուղթ փչացնել այս կոնկրետ դեպքում: Կրթության եւ գիտության նախարարությունն ինչ էլ անի, ինֆորմատիկայի դասագիրքը չի հասնի այս ոլորտի զարգացման ետեւից»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ առավել արդյունավետ կլիներ տեսադասերի անցկացումը: Սա, նրա կարծիքով, բոլորի համար ավելի արդյունավետ, էժան եւ ձեռնտու կլինի:




























