Հայաստանում ինֆորմատիկայի դպրոցական ծրագիրը հաստատվել է 12 տարի առաջ եւ դրանից հետո բարոյապես հնացել է։ Սեպտեմբերի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի Ծրագրավորման ամբիոնի ղեկավար, ինֆորմատիկայի դպրոցական նոր դասագրքի հեղինակ Սեյրան Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ ընդամենը մի քանի տարի առաջ, եթե դպրոցում 6 համակարգիչ կար, այդ ուսումնական հաստատությունը համարվում էր բավականին առաջադեմ եւ տեխնիկապես հագեցած։ «Ընդ որում, 6-7–րդ դասարանների աշակերտների համար ինֆորմատիկայի դասագրքի մրցույթն անցկացվել է 7-8 տարի առաջ»,– նշեց Ավետիսյանը՝ հավելելով, որ հանրային քննարկումներից հետո հաշվի են առնվել եւ դասագրքից հեռացվել գրեթե բոլոր սխալմունքները։
Միաժամանակ հեղինակը կարծում է, որ գիրքը խորապես ուսումնասիրվել է՝ նախքան ԿԳՆ–ի կողմից հաստատվելը։ Չնայած դրան՝ Սեյրան Ավետիսյանը համաձայն է, որ ինֆորմատիկայի դասագիրքն անհրաժեշտ է մշտապես թարմացնել։




























