Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի՝ հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ սեպտեմբերի 7-ին կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին:

Արցախի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Ըստ հրամանագրի՝ հանրապետության կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Նշենք, որ Բակո Սահակյանը նախագահ է ընտրվել հուլիսի 19-ին խորհրդարանի կողմից: Երրորդ անգամ նախագահ ընտրված Սահակյանը պաշտոնավարելու է մինչեւ գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ: