Սթենֆորդի համալսարանի մասնագետները պարզել են, որ արհեստական ինտելեկտն ունակ է պարզել մարդու սեռական կողմնորոշումը՝ ըստ նրա լուսանկարի, հայտնում է CNBC-ն։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ արհեստական ինտելեկտի տեսողությունը դեպքերի 81 տոկոսում ճիշտ որոշում է տղամարդկանց սեռական կողմնորոշումը, իսկ 74 տոկոսում՝ կանանց։ Ընդ որում մարդիկ կարող են նույնասեռականին հետերոսեքսուալից տարբերել դեպքերի 61 տոկոսում եւ ընդամենը 51 տոկոսում են ճիշտ հասկանում կանանց սեռական կողմնորոշումը։
Հետազոտության հեղինակները հավաստիացնում են, որ ոչ ավանդական կողմնորոշումով մարդիկ սեռին ոչ բնորոշ դիմագծեր ունեն։ Բացի այդ՝ մասնագետները վստահ են, որ արհեստական ինտելեկտը հաստատում է այն տեսությունը, որ սեռական կողմնորոշումը բնածին է, այլ ոչ թե ձեռքբերովի։ Եթե արհեստական ինտելեկտն ուսումնասիրում էր մեկ մարդու միանգամից հինգ լուսանկար, ճիշտ պատասխանի հավանականությունն աճում էր մինչեւ 91 տոկոս՝ տղամարդկանց դեպքում ու մինչեւ 83 տոկոս՝ կանանց դեպքում։




























