NEWS.am-ը ներկայացնում է ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերից մեկը, որը գաղտնազերծվել է Wikileaks կայքի կողմից եւ հրապարակվել է բրիտանական The Guardian թերթում` որոշակի կրճատումներով.

«2009թ. հունվարի 14-ին ԱՄՆ դեսպան Դոնալդ Մահլեյի հանդիպումը Հայաստանի ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի եւ նախագահ Սարգսյանի հետ Իրանին զենք արտահանելու հարցով դրական եւ կառուցողական էին: Սարգսյանն ընդունել է Բուլղարիայից զենքի գնման փաստը, եւ ոչ նա, ոչ ԱԱԾ ղեկավարը չեն վիճարկել մեր տեղեկությունը, թե այդ զենքն այնուհետ տեղափոխվել է Իրան/Իրաք: Նրանք երկուսն էլ նշել են, թե հետաքննություն կանցկացվի, թե ինչպես է զենքը Հայաստանից հայտնվել Իրան/Իրաքում:

Հակոբյանը, կարծես, նշեց, թե մեղքն ամենայն հավանականությամբ, բուլղարներինն է եւ չլիազորված հայերինը, ովքեր ինքնագլուխ են գործել: Հավանաբար, փորձելով նվազագույնի հասցնել ԱՄՆ պահանջները, նրանք նաեւ նշել են, թե զգալի բարեփոխումներ եւ կադրային փոփոխություններ են կատարվել միջադեպից հետո: Նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, թե ԱՄՆ հետ համագործակցությունը, այդ թվում անվտանգության եւ արտահանման վերահսկողության հարցերում գերակա են Հայաստանի համար:

Փոքր-ինչ զարմանալի է, որ Հայաստանի նախագահը դադարել է պնդել, ինչ կրկնում էր վերջին ամիսներին, որ զենքի վաճառք չի եղել: Հստակ չէ, թե ինչն է հարուցել այդ կտրուկ նահանջը, թերեւս այս դեպքում անվիճարկելի ապացույցներն ու համագործակցությունից հրաժարվելու հետեւանքների գիտակցումն է եղել պատճառը, նաեւ նոր վարչակազմի վրա դրական տպավորություն թողնելու ցանկությունը:

Նախագահ Սարգսյանը հունվարի 14-ին ընդունել է դեսպա Մահլեյին: Նախագահը նշել է, թե Միացյալ Նահանգների հետ կապերի հաստատումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար եւ անվտանգությունը կարեւոր բաղադրիչ է երկկողմ հարաբերություններում:

Դեսպան Մահլեյը ընդգծել է, թե տեղեկությունը ստացվել է ԱՄՆ կառավարության սեփական աղբյուրների եւ միջոցների շնորհիվ: Դեսպանը նշել է, որ եթե Հայաստանն անհրաժեշտ փոփոխություններ կատարի, այդ դեպքում պատժամիջոցների անհրաժեշտություն չի առաջանա»: