Չինաստանի արդյունաբերության փոխնախարար Սին Գուբինը հայտարարել է, որ քննարկում են վառելանյութի ավանդական տեսակներ օգտագործող ավտոմեքենաներից լիովին հրաժարվելու հնարավորությունը: Դրանց կարող են փոխարինել էլեկտրամոբիլները:

Չինաստանի արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը համապատասխան հետազոտություններն արդեն սկսել է՝ հաշվարկելով, թե որ թվականին հնարավոր կլինի «վնասակար ավտոմեքենաների» արտադրության ամբողջական արգելումը: Սակայն դեռեւս վաղ է արգելքի վերջնական որոշման մասին խոսել:

Օդի աղտոտման եւ արտասահմանյան մրցակիցների դեմ պայքարելու համար Պեկինն իր առջեւ հավակնոտ խնդիր է դրել՝ 2025 թվականին էլեկտրամոբիլների եւ հիբրիդային մեքենաների արտադրությունը զարգացնել  մինչեւ այնպիսի մակարդակ, որ դրանց բաժինը կազմի բոլոր չինական ավտոմեքենաների վաճառքի մեկ հինգերորդ մասը:

Այսպիսով, արդեն հաջորդ տարի չինական ավտոարտադրողների վաճառքի ընդհանուր ծավալում էլեկտրամոբիլների եւ հիբրիդային մեքենաների թիվը պետք է կազմի 8 տոկոս, իսկ 2020 թվականին՝ 12 տոկոս: Անցյալ տարի Չինաստանն արտադրել է ավելի քան 28 մլն ավտոմեքենա, որը կազմել է համաշխարհային ավտոարտադրության երրորդ մասը: