Հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախօրեին Միածնաէջ Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին կատարվել է միջեկեղեցական աղոթք-մաղթանք` նվիրված Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ խաղաղության աղոթքին ներկա են եղել  Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի նախաձեռնությամբ Իրաքից Մայր Աթոռ ժամանած Իրաքի կրոնապետերի եւ Քրիստոնեական ավանդապահությանց նախարար Տիար Ռաադ Քաչաչիի պաշտոնական պատվիրակությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Մերձավոր Արեւելքի երկրների դեսպաններ ու հավատարմատարներ:

Արարողությունից առաջ խոսքով հանդես է եկել Իրաքահայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոսը, այնուհետեւ ներկա չորս կրոնապետերից յուրաքանչյուրն իր աղոթք-մաղթանքն է բերել` Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Իրաքում խաղաղության հաստատման ու կրոնական հանդուրժողականության ամրապնդման համար:

Միջեկեղեցական աղոթքն ավարտվել է Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով: