Գուգարաց թեմի առաջնորդ Տեր սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն անդրադարձել է սեպտեմբերի 5-ին Նեղոց համայնքի ղեկավար Վարդան Աթանեսյանի ու Ախթալայի Սրբ. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ՝ տեր Հեթում քահանա Թրվադյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ նկատելով, որ գյուղապետը դրսեւորել է պետական պաշտոնյային ոչ վայել արարք:
«Պատահականություններն ու արկածախնդիրներն իրավունք չունեն ներկայացնելու ՀՀ պետությունը եւ հայ ժողովրդին: Ամեն պատահականություն իրավունք չունի ընտրվելու համայնքի ղեկավար կամ պատասխանատու»,- նշել է առաջնորդը՝ հավելելով, որ «իրենց համայնքապետի թեկնածու համարողներից շատերը մեծամիտ պատահականություններ են՝ կիսագրագետ եւ կամ արկածախնդիր, որ չեն գիտակցում համայնքապետի ծանր ու պատասխանատու պարտականությունները»:
Անդրադառնալով ՏԻՄ ղեկավարներին, սրբազանը կարծիք է հայտնել, թե «ցավալի է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում դեռ պաշտոն են զբաղեցնում մարդիկ, որոնք պետականն ու սեփականը իրարից տարանջատել չգիտեն, բավարար գիտելիք չունեն՝ տարբերելու ազգայինն ապազգայինից, հայոց եկեղեցին ու ճշմարիտ հավատը՝ աղանդից»:
Վերջինիս համոզմամբ՝ պետք է վերանայել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին օրենքը, որպեսզի բացառվեն նման խոտելի երեւույթները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ի երեկոյան Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի քահանա տեր Հեթում Թարվերդյանի ու Նեղոցի համայնքապետ Վարդան Աթանեսյանի միջեւ միջադեպ էր տեղի ունեցել, բանը հասել էր իրավապահների միջամտությանը:
Տեր Հեթումը միջադեպի հետ կապված NEWS.am-ին հայտնել էր հետեւյալը. Այդ օրը երեկոյան 20:23-ին եկեղեցու մոմովաճառից զանգ ստացա, որ վիճում են Նեղոցի համայնքապետ Վարդան Աթանեսյանի հետ: Հարցրի՝ ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ են վիճում, մոմավաճառն ասեց, որ համայնքապետը ցանկանում է, որ վանքի դարպասները բացեն, որ նա մեքենայով մտնի եկեղեցու տարածք: Բացատրել են, որ որեւէ մեկը վանքի տարածք չի մտնում մեքենայով, ավտոկանգառ կա եւ բոլորը մեքենաները կանգնեցնում են այնտեղ»:
Համայնքապետը, սակայն, չի լսել մոմավաճառի հորդորներն ու շարունակել է նույնը պնդել, ինչին ի պատասխան մոմավաճառն ու նրա ամուսինը պատասխանել են, որ վանքի դարպասների բանալիները գտնվում են քահանայի մոտ:
«Ասել է՝ լավ, չեք տալիս, ես կգնամ կբերեմ: Եկավ: Տեսա, որ մեկը մեքենան ոչ սթափ վիճակով վարում է...Դուրս եկա, ասեցի՝ լսում եմ ձեզ: Ասեց՝ դարպասի բանալիները տուր: Ես այդ ժամանակ միանգամից նկատեցի, որ համայնքապետը սաստիկ հարբած է, իրեն չէր կարողանում գետնի վրա պահել: Եվ տեսա, որ մեքենայի մեջ կին կար ու երեխաներ: Ասեցի՝ արի մեր տուն գնանք, խոսենք, տեսնենք ինչ է պատահել... Հարիր չէ համայնքապետին այսպես պահել այս ուշ ժամին»,- պատմեց քահանան. - «ասեց՝ վերջնական հարցնում եմ, բանալիները տալի՞ս ես, ես բացում եմ, թե՞ չէ: Ասեցի՝ ոչ, դարպասները չեն բացվում, օրենքը նույնն է բոլորի համար: Ասեց՝ լավ, ուրեմն ես գնում եմ դարպասները կոտրեմ: Ձեռքին ատրճանակ կար, ասացի՝ ատրճանակդ իջեցրու, ատրճանակդ ինչի՞ ես պահել»:
Լսելով համայնքապետի սպառնալիքը, որ քիչ հետո կվերադառնա ընկերների հետ ու վանքի դարպասները ջարդելով ներս կմտնի, քահանան դիմել է ոստիկանության օգնությանը: Րոպեներ անց դեպքի վայր ժամանած ոստիկաններն, ըստ քահանայի, բերման են ենթարկել գյուղապետին:
Քահանայի խոսքով՝ երեկ երեկոյան համայնքապետը Ախթալայի քաղաքապետի հետ այցելել է վանք ու ներողություն խնդրել տեղի ունեցածի համար:
Իսկ ահա հմայնքապետը հերքել էր, թե իր ու քահանայի միջեւ որեւէ միջադեպ է տեղի ունեցել՝ տարածված տեղեկատվությունը որակելով որպես զրպարտություն















