Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում բարձրացրեց «Մեղրի» ՀԷԿ-ի շինարարության հարցը:

«Քանի որ ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է իրականացրել «Մեղրի» հէկ-ի հիմնարկեքը 2012թ.-ի նոյեմբերին, միգուցե դո՞ւք տեղեկատվություն ունենաք այդ հէկ-ի շինարարության մասին: Ըստ 2012թ.-ի արված հայտարարությունների՝ հէկ-ի կառուցումը պետք է ավարտված լիներ եւ շահագործման հանձնված լիներ»,- ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին դիմեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ նախագծա-նախահաշային աշխատանքները կատարվել են, բանակցություններ են ընթանում շինարարությունը սկսելու համար: Այս պատասխանը Փաշինյանին հիշեցրեց էպիզոդ «Կարգին հաղորդումից»:

«Արձանագրենք, որ այս դեպքում էլ գործ ունենք «Պատուհանը դրիմ» իրավիճակի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գագիկ Մելիքյանը հորդորեց գործընկեր պատգամավորին նման համեմատություն չանել, սակայն Փաշինյանը տեղից շարունակեց հեգնանքով. «Հիմնարկեքը դրիմ»: