Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կասկածում է, որ Հայաստանի եւ Իրանի Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը հաջողություն կունենա:

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ Փաշինյանը հիշեց երկու երկրների՝ նախորդ տարիների համատեղ ծրագրերը:

«Եկեք հիշենք այլ նախագծեր, որոնք ձախողվել են: Իրան-Հայաստան երկաթուղու մասին հիմա ոչ ոք չի խոսում, չնայած տասը տարի դրա մասին էին թմբկահարում: Հիմա ոչ ոք չի խոսում նավթի վերամշակման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: Անընդհատ ասում էին իրանական գազի տարանցման մասին, բայց հասկանալի է՝ ԵՏՄ կարգավորումները շատ մեծ խոչընդոտ են, նույնիսկ անհաղթահարելի խոչընդոտ: Հիմա մենք խոսում ենք համատեղ դարպասի մասին, մի երկու ամսից դարպասը կդառնա դուռ, դուռը՝ լուսամուտ, լուսամուտը՝ «ֆորտոչկա» եւ էդպես կփակվի»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը: