Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի օրենսդրական նախաձեռնությանը ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Մենք դեմ ենք քվերակելու ԵՏՄ-ի նախագծին, որովհետեւ խաղ ու պար չէ այսօր մտնել, վաղը դուրս գալ, դա շատ լուրջ քայլ է, որը Հայաստանը կատարել է։ Այն ապահովել է մեզ համար կայուն, խաղաղ զարգանալու հնարավորություն եւ միջավայր։ Մենք ուրիշ այլընտրանք մեր անվտանգության հետ կապված այսօր, դժբախտաբար, չունենք։ Մանավանդ այն պահին, որ «կամ ու կամ» իրավիճակը վերջապես փոխվելու է եւ հնարավոր է «եւ եւ» իրականացնել։ Արդեն ԵՏՄ-ի հետ անդամակցության պահպանման հնարավարություն ունենք եւ համապարփակ պայմանագիր ունենք Եվրամիության հետ»,-ասել է Արմեն Ռուստամյանը։
Դիտարկմանը՝ «Ելք»-ը հիմնավորել է ԵՏՄ-ի կազմում լինելու ընթացքում Հայաստանում արձանագրված ձախողումները թե տնտեսական, թե անվտանգության ոլորտում, ՀՅԴ պատգամավորն հակադարձել է ապրիլյան պատերազմում Ռուսաստանի աջակցության «փաստով»։
«Ես էլ ընդունում եմ՝ կան հարցեր, որ լիարժեք չենք կարողացել օգտագործել այն դաշտը, որ ընձեռել է ԵՏՄ-ն։ Ակնհայտ փաստ է, չէ՞, թե ինչ ռեսուրսով ենք ապրիլյան պատերազմում հաղթել։ Դուք երեւի տեղյակ չեք՝ ինչ է նշանակում պաշտպանություն ասվածը, այն ամբողջական համալիր է, ոչ միայն մարդիկ են կարեւոր, իհարկե, մարդիկ կարեւոր են, զենք զինամթերքի անհրաժեշտ տեխնիկա ունենալու խնդիր պիտի ունենաս, ռեսուրս պիտի ունենաս»,-ասել է ՀՅԴ պատգամավորը։











