Միայն անցյալ տարի Հայաստանում իրականացվել է 1000-ից ավելի հաքերային հարձակում տեղեկատվական կայքերի վրա։ Դրանք իրականացնողների գերակշիռ մասը բացահայտված են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԵԱՀԿ աջակցությամբ անցկացվող կիբերանվտանգության մարտահրավերներին նվիրված սեմինարի ժամանակ ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ կիբերհանցագործությունները վերաբերում են ամենատարբեր ոլորտների, նրանց աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, կիրառվում են նորանոր գործիքներ։ Սա նշանակում է, որ համապատասխան իրավապահ կառույցները պետք է նոր գործիքներ կիրառեն դրանց դեմ պայքարում։

«Վերջին տարում պետական մարմինների տեղեկատվական կայքերի վրա հարձակումները կտրուկ նվազել են, ինչը խոսում է Հայաստանում տեղեկատվական անվտանգության մակարդակի բարձրացման մասին»,- ասաց Ա. Բաղդասարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ երկրի ներսում ուժեղացվել է կիբերհանցագործությունների դեմ քրեական- վարչական պատասխանատվությունը, դեռեւս 1.5 տարի առաջ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակել է տեղեկատվական անվտանգության մասին Հայաստանի հայեցակարգը:

Ա. Բաղդասարյանը նշեց նաեւ, որ իր գլխավորությամբ գործում է տեղեկատվական անվտանգության հարցերի միջգերատեսչական հանձնաժողով, իսկ ԱԽ-ի կազմում ստեղծվել է հատուկ միջգերատեսչական աշխատանքային խումբ: Ըստ նրա, կիբերհանցագործությունների դեմ պայքարում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է նաեւ Հավաքական Անվտանգության պայմանագրի շրջանակներում:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի խոսքով՝ կիբեռանվտանգության խնդիրները մտահոգում են շատերին, դա բերում է  ապակայունության, եւ պետությունները պետք է համագործակցեն դրա դեմ պայքարելու համար։