Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ չի լսել, որ ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ-ականները վիրավարել կամ ծաղրել են «Երկիր Ծիրանիի» անդամներին:
«Անկեղծ ասած, ես չեմ լսել այդ ռեպլիկները: Եթե «Երկիր Ծիրանիի» անդամները դա լսել են, իրենց էլ հարցրեք»,- այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանը:
Հարցին՝ ինչպես է գնահատում «Երկիր Ծիրանիի» պահվածքը, քաղաքապետը պատասխանեց. «Մի քիչ նիստն ուրախացնում էին իրենց պահվածքով, բոլորի համար նկատելի էր, որ մեր գործընկերները չեն տիրապետում այս ոլորտներին եւ այնպիսի հարցեր էին բարձրացնում, որ օրակարգին չէր վերաբերում: Դա ընդամենը մեր ավագանու անդամներին մի փոքր հանգստացնում էին, եւ մի քիչ ուրախ էր անցնում, երեւի օգնում էին»:
Նշենք, որ այսօր ավագանու նիստը բավականին թեժ է անցել: Նախ լեզվակռիվ սկսվեց ՀՀԿ-ի եւ «Ելք»-ի անդամների միջեւ, այնուհետեւ արդեն «Ելք»-ի եւ «Երկիր ծիրանիի» անդամների միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ:











