Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քննիչի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Վահե Գրիգորյանը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Մասնավորապես՝ 2010թ. սեպտեմբերի 18-ին ժամը 23:30-ի սահմաններում Վ. Գրիգորյանը Երասխ-Երեւան ավտոճանապարհի 33-րդ կմ ճանապարհահատվածում թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 55-րդ կետի պահանջին հակասող գործողություն եւ վրաերթի ենթարկել Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ Մ. Հարությունյանին: Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:





























