Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հեռախոսով իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է թուրքական շինարարական ընկերությունների մասնակցության հարցը` 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության օբյեկտների շինարարությանը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր»,- հավելել է նա:

Այս հեռախոսազրույցի համար Պուտինը ստիպված է եղել մի քանի րոպեով հեռանալ դեղագործական եւ բժշկական արդյունաբերությանը նվիրված խորհրդակցության սենյակից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին  Ռուսաստանը հաղթել է 2018 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրության մրցույթում, ստանալով ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամների մեծամասնության քվեն: Բացի Ռուսաստանից, առաջնությունն իրենց երկրներում անցկացնելու համար պայքարում էին Բելգիան եւ Նիդերլանդները, Իսպանիան եւ Պորտուգալիան, ինչպես նաեւ Մեշ Բրիտանիան: