Հայաստանի իշխող հանրապետական կուսակցությունը մտադիր է Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջարկել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնի է դարձել ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից: Դեկտեմբերի 8-ին Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել քաղաքապետի պաշտոնից` Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու պատճառով:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետն ընտրվում է Երեւանի Ավագանու կողմից, որտեղ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ուն` 35 մանդատ: Ըստ օրենսդրության նոր քաղաքապետը պետք է ընտրվի մեկ ամսվա ընթացքում: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի հրաժարականի դեպքում նրա լիազորություններն անցնում են քաղաքապետի առաջին տեղակալին, այսինքն Տարոն Մարգարյանին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ավելի վաղ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը NEWS.am-ին հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ Գագիկ Բեգլարյանը ծեծել է նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:

«Այո՛, ցավոք միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե՛ մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է. մասնավորապես, չի եղել ո՛չ առեւանգում, ո՛չ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք իսկապես տեղի ունեցել է»,- ասել էր Արզումանյանը: