Աշխատանքային այցով Քուվեյթում գտնվող Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` դեկտեմբերի 8-ի  երեկոյան Ազգային առաջնորդարանում հանդիպել է Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գեւորգյանը բարձր է գնահատել Քուվեյթի ոչ մեծաթիվ, բայց կազմակերպված հայկական համայնքի դերը երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում` նկատելով, որ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ջերմ ու դրական վերաբերմունքը ձեւավորվել է հենց հայ համայնքի շնորհիվ: Նա վստահեցրել է, որ Սփյուռքի հետ կապված հարցերը  ՀՀ իշխանությունների համար առաջնային են, եւ ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման նպատակը հայրենիք- Սփյուռք հարաբերությունների ամրապնդումն ու դրանց համակարգված բնույթ հաղորդելն է: Նա նաեւ կարեւորել է Քուվեյթում ՀՀ դեսպանության բացումը, ինչն ավելի կսերտացնի հայրենիքի հետ կապը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համայնքային կյանքին, համայնքին հուզող խնդիրներին: Փոխվարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես Հայաստան- Սփյուռք հարաբերություններին, հայապահպանության  խնդիրներին, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերին: