Այսօր` դեկտեմբերի 8-ին Երեւանում մեկնարկել է ահաբեկչության նպատակներով ինտերնետի օգտագործման դեմ պայքարի եւ կիբերանվտանգությունը համակողմանիորեն բարձրացնելու վերաբերյալ փորձագիտական ազգային աշխատաժողովը, որ կազմակերպվել է ահաբեկչության դեմ գործունեության ԵԱՀԿ բաժնի կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:

«Կիբեր-հանցագործություններ կատարողներն ունեն ընդհանուր մեթոդներ, նույնիսկ եթե նրանց նպատակներն ու շարժառիթները տարբեր են: Նրանք սովորում են միմյանցից եւ հաճախ աշխատում իրար հետ»,- ասել է ԵԱՀԿ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ծրագրի համակարգող Դիմիտար Յալնեւը:

Այս փորձագիտական հանդիպման նպատակն է կատարելագործել մասնակիցների հմտությունները ահաբեկչության նպատակներով ինտերնետի օգտագործման դեմ պայքարում: Մասնակիցները կդիտարկեն հնարավոր հարձակումների հետեւանքները ու կքննարկեն հակազդեցության հնարավոր միջոցները, դրանց առնչվող իրավական դաշտը, քաղած դասերը եւ լավագույն փորձը:

«Պետության կողմից առանձին ձեռնարկված գործողությունները հաճախ բավարար չեն: Ընդհանուր խնդիրները պահանջում են ընդհանուր լուծումներ, այդ թվում` համագործակցություն պետական եւ մասնավոր հատվածների միջեւ»,- նշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Նոր Սքոթլանդ Յարդի գլախավոր խուզարկու-տեսուչ Քիթ Վերալսը շեշտել է, որ համագործակցությունը ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունների ու մասնավոր հատվածի այլ դերակատարների հետ նախադրյալ է իշխանությունների համար, որպեսզի կարողանան փաստեր հավաքեն կիբերհանցագործություն կատարողների դեմ:

«Քննիչի գործողությունները սահմանափակվում են աշխարհագրական եւ նրա իրավասության շրջանակներով, իսկ ահաբեկչինը` ոչ: Ֆիզիկական փաստը դժվար կլինի թաքցնել, մինչդեռ համակարգչային փաստը կարող է անհետանալ մկնիկի մեկ հարվածով», - ասել է նա:

Նշենք, որ սա ԵԱՀԿ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից կազմակերպված երրորդ աշխատաժողովն է.  նախորդ աշխատաժողովները տեղի են ունեցել Սերբիայում եւ Խորվաթիայում: