Ներկայիս պայմաններում Հայաստանը Եվրոպայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարավի համար առաջարկում է անվտանգ եւ ձեռնտու տարանցում Իրան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տրանսպորտային ֆիրմային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդեւը:
Նրա խոսքվ՝ Համբուրգից Թեհրան կոնտեյներների թեստային փոխադրումները ցույց են տվել, որ Վրաստանով եւ Հայաստանով երթուղին կարող է թուրքականին տանուլ տալ 3 օրով (15 օր՝ ընդդեմ 12-ի), սակայն միանշանակ շահում է հուսալիության առումով: Հայաստանի կառավարությունը երաշխավորում է բեռների անվտանգությունը: Իսկ նրանք, ովքեր փոխադրում են Թուրքիայի տարածքով, շատ հաճախ են բողոքում տառացիորեն յուրաքանչյուր 5-րդ մեքենայի դեպքում կոնտեյները եւ բեռնատարները բացելուց: Եղել են նույնիսկ դրանք հրկիզելու փորձեր: Իսկ Հայաստանում այսպիսի ոչ մի բան չի պատահում: «Դրանից բացի, Հայաստանում մաքսային ընթացակարգերն արագ են կատարվում, միջինում 2-3 ժամում: Իսկ Թուրքիայում՝ տեւական ժամանակ: Բոլորը վիճակախաղ են խաղում. կանցնեմ՝ հրաշալի է, ոչ՝ դե, ուրեմն, չտացվեց»,- հավելեց Գվոզդեւը:
Հայաստանի առավելությունները ցույց տալու համար 2017 թվականի սկզբին ՀԿԵ-ն Իրանում հանդիպում է կազմակերպել, որին մասնակցել են ե՛ւ բեռնափոխադրողներ, ե՛ւ առաքողներ, եւ Իրանի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչներ: Առանձին հանդիպումներ են անցկացվել իրանցի, գերմանացի եւ այլ ձեռնարկատերերի հետ, որոնք դրանից հետո Հայաստան են եկել՝ «Արմաշ» տերմինալ (գործող երկաթուղու ծայր հարավային կետը, որտեղից ապրանքները կվերաբեռնվեն մեքենաների վրա՝ մինչեւ Իրան տեղափոխելու համար): «Մենք 2 խոշոր առաքողների հետ ուղեւորվել ենք նաեւ «Վրաստանի երկաթուղու» տնօրենի մոտ, որ նրանից երթուղու հուսալիության մասին հավաստիացում ստանանք: Այսինքն՝ վրացի գործընկերները նույնպես հետաքրքրված են մեր երթուղով»,- նշեց ՀԿԵ ներկայացուցիչը:
Նրա կարծիքով՝ կարելի շահագրգռել նաեւ ռուսաստանցի բեռնափոխադրողներին՝ Սեւ ծովին մոտ շրջաններում (Կրասնոդարի երկրամաս, Ստավրոպոլ, Ռոստովի մարզ), այլ ոչ Կասպից ծովին մոտ, որտեղից բեռները կարելի է փոխադրել ծովով կամ Ադրբեջանի տարածքով:
Սակայն հայկական երթուղու բացասական կողմն է բեռնափոխադրումների ինքնարժեքը, որն աճում է բեռների փոխանցումից տրանսպորտային մի տեսակից մյուսին: «Սակայն մենք պատրաստ ենք որոշակի զեղչեր կատարել, որպեսզի մեր երթուղին առավել գրավիչ դառնա: Հիմա մենք այս հարցը մշակում ենք Կրասնոդարից մի ընկերության հետ, որը ցանկանում է Իրան արտահանել ձավարեղեն: Կարելի է շահագրգռել նաեւ ուկրաինացի մատակարարներին, որոնք իրենց եւ ուրիշների բեռներն Իրան են տեղափոխում Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով»,- եզրափակեց Դմիտրի Գվոզդեւը:
2008 թվականից Հայստանի երկաթուղիների կոնցենսիոն կառավարումը հանձնված է «Հարավկովկասյան երկաթուղուն» («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն):



























