Երեւանում սեպտեմբերի 27-ին կանցկացվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի` 10-րդ ամենամյա «ԱրմԹեք 2017» գործարար համաժողովը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ միջոցառմանը կմասնակցեն 200-ից ավելի մասնակից՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից եւ Եվրոպայից:

«Այս տարի համաժողովը նվիրված է լինելու կիբեռանվտանգությանը», - ասաց նախարարը՝ հավելելով, որ համաժողովը նպատակ ունի աջակցելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը եւ ներդրումների աճը։

Նրա խոսքով, կիբերանվտանգության ռազմավարությունն արդեն պատրաստ է, այն քննարկվել է բոլոր պետական կառույցների հետ. «Շուտով այն քննարկման կներկայացվի անվտանգության խորհուրդ եւ կհրապարակվի»:

Վահան Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ՝ Հայաստանում, կիբերհարձակումներ ժամանակ առ ժամանակ լինում են. ««Հայաստանը պատրաստ է դիմակայելու այդ հարձակումներին եւ մինչ այսօր ոչ մի լուրջ վնաս չենք կրել»:

Իր հերթին, ասուլիսին ներկա «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը տեղեկացրեց, որ որոշվել է համաժողովը մեկ տարի անցկացնել Հայաստանում, հաջորդ տարի ԱՄՆ-ում՝ սիլիկոնային հովտում. «Քանի որ 10-րդ տարին է, իսկապես ասելիքներ կան, եւ, ըստ էության, համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների գործարար հարթակ է, որտեղ իմի են բերվում հաջողությունները, պլատֆորմ է՝ նշագրելու ապագա անելիքները»:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ նշեց, որ շատ երկրներ են հետաքրքրված, համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ:

Նշենք, որ Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ Հիմնական գործընկերներն են Մայքրոսոֆը. ԱյԲիԷմ-ը, Սինոփսիսը եւ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը։ Այն կտեւի մեկ օր: