Պոլսո հայոց պատրիարքի թեկնածուների անունները դեռեւս պաշտոնապես չեն հաղորդվում, սակայն տեղի հայ համայնքն արդեն գրեթե վստահ է՝ ում միջեւ է լինելու պայքարը:
«Ոչ պաշտոնապես շրջանառվում է հետեւյալ անունները՝ Արամ սրբազան Աթեշյանը, կրոնական ժողովի ատենապետ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը եւ Հայաստանից Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Պաշտոնապես թեկնածուների անունները հայտնի կդառնան ավելի ուշ»,- NEWS.am-ին ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» պարբերականի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Նշենք, որ ի սկզբանե հայտարարվում էր, որ Արամ սրբազան Աթեշյանը չի առաջադրվելու, սակայն այժմ արդեն կուլիսային խոսակցություններ կան նրա մասնակցության վերաբերյալ:
Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 13-ին: Եթե թեկնածուների թիվը 5-ից ավել լինի, ապա կրոնական խորհուրդը ժողով է իրականացնելու եւ այդ թիվը իջեցնելու է 5-ի։




























