Եվրամիության երկրների ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները (ECOFIN) Տալլինում երկօրյա ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկել են կոմերցիոն միավորումների հարկման թարմացված միջազգային կանոնները, որպեսզի հետագայում այն կիրառեն նաեւ թվային տեխնոլոգիաներ օգտագործող ձեռնարկությունների համար, հայտնել է ԵՄ Խորհրդում Էստոնիայի նախագահության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախարարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է շտապել թվային տնտեսության հարկման վերաբերյալ որոշում ընդունելու հարցում, եւ հույս են հայտնել, որ արդեն դեկտեմբերին կայանալիք պաշտոնական հանդիպման ժամանակ միասնական կարծիքի կհանգեն:

Հանդիպման ժամանակ նշվել է, որ թվային տնտեսության բիզնես մոդելներն, ի տարբերություն ավանդական տնտեսության մոդելների, հաճախ շատ երկրներում վիրտուալ են գործում: Կոմերցիոն միավորումների շահույթի հարկման միջազգային կանոնները, ինչպես նախկինում, ելնում են այն նախապայմանից, որ հարկման շահույթի առաջացման համար անհրաժեշտ է ձեռնարկության ֆիզիկական հասցեն:

Սա շատ ձեռնարկությունների թույլ է տալիս հարկերը չվճարել, քանի որ կանոնները հնացել են: Բանավեճի մասնակիցները կարծում են, որ կանոնները թարմացնելիս կարեւոր է հրաժարվել ֆիզիկական տնօրինման կամ ակտիվների առկայության պահանջից, եւ փոխարինել գործունեության վիրտուալ վայրի հայեցակարգով: Սա նաեւ նախատեսում է վիրտուալ հարկատուների վերաբերյալ ավելի ճշգրիտ համաձայնագրի ձեռքբերում, ովքեր իրականում հարկեր են վճարելու: