2016 թվականի ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին։ Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթաց» թեմայով քննարկմանը։
Նրա խոսքով՝ 2016 թվականին ադրբեջանական ագրեսիան ցույց տվեց, որ Բաքվի նպատակն էր ամեն գնով գրավել Լեռնային Ղարաբաղը՝ անգամ ոչնչացնելով խաղաղ բնակչությանը։
«Առաջին հերթին, պետք է ապահովել դեռ 1994 թվականի մայիսին հաստատված հրադադարի ռեժիմը։ Այդ տեսակետից կարևոր է իրականացնել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները։ Ադրբեջանը հրաժարվում է քայլեր կատարել այդ ուղղությամբ։ Ի տարբերություն Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հարցի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չեն տեսնում»,-ընդգծել է Միրզոյանը։




























