ԱՄՆ կոնգրեսական Դեւիդ Վալադաոն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ժամանել է Արցախ, որտեղ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի հետ հետեւել է «HAlO Trust» կազմակերպության ականազերծման աշխատանքներին:
Նշենք, որ երկու շաբաթ առաջ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել էր Վալադաոյի առաջարկը, որով ԱՄՆ կառավարությունը շարունակում է ֆինանասկան աջակցություն տրամադրել Արցախում ականազերծված աշխատանքներ կատարող «HAlO Trust» կազմակերպությանը:
Վալադաոն Արցախից հետո կայցելի Հայաստան, որտեղ կոնգրեսականների պատվիրակության կազմում կմասնակցի Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումների եւ հանդիպումների: Պատվիրակության կազմում են կոնգրեսականներ Ջեքի Սփիրը, Ֆրենկ Փալոնեն, Աննա Էշուն, Թուլսի Գաբարդը եւ Ջեյմս Սենսենբրեները:
Վերջին 16 տարիների ընթացքում «HAlO Trust» -ի ջանքերով Արցախում վնասազերծվել է 8700-ից ավելի հակահետեւակային, 2500 հակատանկային եւ տասնյակ հազարավոր այլ սարքեր: Կազմակերպությունը նախատեսում է Արցախում ականազերծման աշխատանքներն ավարատել մինչեւ 2020թ.-ը:











