ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես են եկել մի շարք հայտարարություններով, որտեղ ընդգծել են, որ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Արդիական արտաքին քաղաքական մարտահրավերները և Հայաստան-Սփյուռք համագործակցության արտացոլումն իրականում» քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Մարսելի ներկայացուցչի հարցին, թե Սփյուռքում շատ են վախենում Ղարաբաղյան հարցում հայկական կողմի զիջումներից։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արել են մի շարք հայտարարություններ, որտեղ ասել են՝ «այո, Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը», «Ադրբեջա՛ն, մի քննադատիր համանախագահներին, մի փորձիր բանակցային գործընթացն այլ ձևաչափ տըեղափոխել։ Ես չեմ կարծում, որ Մարսելում այդքան վախենում են զիջումներից։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը չհամաձայներ դրան, եթե դա իրեն ձեռնտու չլիներ։  Հռոմի Պապն ասում էր «Մի՛ վախեցեք»,-ասել է Նալբանդյանը։

Սփյուռքի ներկայացուցիչներից մեկի հարցին՝ որո՞նք են հայկական կողմի ենթադրվող զիջումները, նախարարը պատասխանեց. «Մի կարծեք, թե մենք կարող ենք որեւէ մեկին միամտորեն հավատալ եւ ինչ-որ բան որեւէ մեկին հենց այնպես փոխանցել: Խոսքն այն տարածքների մասին է, որոնք անվտանգության տեսակետից վտանգ չեն ներկայացնի ո՛չ Ղարաբաղին, ո՛չ այս գործընթացին: Եթե ես մյուս մանրամասները գաղտնազերծեմ, ապա բանակցությունները կդադարեցվեն»: