Երեւան քաղաքի քաղաքապետին հանելը նշանակում է  ահեղ նախազգուշացում բոլոր բարձր պետական պաշտոնյաներին եւ այն մարդկանց, որոնք կարծում են, որ օրենքից վեր են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:

«Սա շատ դրական  է: Ես որեւէ անձնական խնդիր չունեմ Գագիկ Բեգլարյանի հետ, բայց տեղի ունեցած երեւույթի պատասխանը համարժեք էր»,- նշել է Ալվարդ Պետրոսյանն ու հավելել, որ ինքը նախանձով է նայել ամիսներ առաջ Մոսկվայում տեղի  ունեցած իրադարձությանը՝ Լուժկովին պաշտոնանկ անելու նախագահի քայլին:

«Ես ամիսներ առաջ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի աշխատանքից ազատելու հրամանը կարդացի, թերթերից մեկում: Ես որեւէ անձնական խնդիր չունեմ Լուժկովի հետ, բայց նախանձով նայեցի այդ գործողությանը, որ պետության ղեկավարը կարող է նաեւ Մոսկվայի պես քաղաքի ղեկավարին զանցանքի համար պատժել: Ես կարծիք հայտնեցի առանց որեւէ անձի նկատի ունենալու:  Ես ուզում էի հասկանալ ու վստահ լինել, որ իմ պետության ղեկավարը ուժեղ է եւ, այսպես ասած, օրենք գործում  է, որ այս երկրում օրենքից բարձր  բան չկա»,-մանրամասնել է նա:

Ըստ ՀՅԴ պատգամավորի, նախագահի այս քայլը սթափության կոչ էր. «Ես կարծում եմ,որ ամեն դեպքում սա սթափության հզոր կոչ էր, որ հավաքեն իրենց: Ես չարախնդություն չունեմ իմ մեջ, բայց փորձում եմ  համոզվել, որ մենք որպես օրինապահ պետության քաղաքացիներ պիտի ապրենք, եթե ես չէ, գոնե իմ թոռը կարողանա ապրել: Ես կարծում եմ, որ նախագահն ուժեղանում է»,-ասել է դաշնակցական պատգամավորը, հավելելով. «Ամեն դեպքում, ես ուրախ եմ, որ մարգարեացա»: