Իրանի հանդեպ ԱՄՆ-ի պատժամիջոցները վտանգում են միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համընգրկուն ծրագիրը, հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ տրիբունայից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ցավոք, մի շարք արեւմտյան պետությունների զինանոցում սկսել  է ավելի հաճախ գերիշխել ոչ թե դիվանագիտությունը, այլ կոպիտ ճնշումը։ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներից բացի նաեւ հավելյալ միակողմանի պատժամիջոցների կիրառումն ոչ լեգիտիմ է ու խաթարում է միջազգային ջանքերի հավաքական բնույթը»,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ «այսօր բոլորը տագնապով հետեւում են, թե  Իրանի դեմ ԱՄՆ կողմից սահմանված նոր միակողմանի պատժամիջոցներն  ինչպես են սպառնալիք ստեղծում Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի իրականացման համար, որը միջազգային կայունության կարեւորագույն գործոններից էր դարձել»։