Ներկայումս գետերում ձվադրող Սեւանի էնդեմիկ ձկնատեսակների վերարտադրության պայմաններն անբարենպաստ են, որի պատճառով պոպուլյացիաները ինքնավերարտադրության հնարավորությունից զուրկ են:

Խնդիրն ավելի է բարդանում լճի մակարդակի բարձրացման պատճառով։ Ձվադրավայրերի ընդլայնման, կերային բազայի աճի, ջրաքիմիական ու այլ բնական պայմանների ընդհանուր բարելավման հետեւանքով առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվում լճում տարածված օտարածին տեսակների համար: Օտարածին տեսակների ճնշման ներքո էնդեմիկ տեսակների կենսապայմաններն ավելի են բարդանում, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել նրանց իսպառ վերացմանը:

Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 9-ին հաստատել է Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման ծրագիրը։ Դրանով նախատեսվում է պետական բյուջեից միջոցներ հատկացնել իշխանի մանրաձկներ գնելու եւ մի շարք ուսումնասիրություններ իրականացնելու համար։

Մասնավորապես՝ գնվելու են 2 տեսակի իշխանի մանրաձկներ՝ գեղարքունի (5 գրամից ավելի) եւ ամառային իշխան (3 գրամից ավելի)։ Գեղարքունի մանրաձուկն արժե հատը 180 դրամ, դրանցից ձեռք է բերվելու եւ սեւան է բաց թողնվելու 167 հազ. հատ։ Ամառային իշխանի մանրաձուկն արժե 150 դրամ, դրանցից Սեւան է բաց թողնվելու 200 հազ. հատ։ Ընդհանուր ծախսը կազմում է 60 մլն դրամ (մոտ 170 հազ. դոլար)։