Facebook-ը համաձայնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեներին տվյալներ փոխանցել գրեթե 3 հազար քաղաքական գովազդային հայտարարությունների մասին, որոնք գնվել կամ տեղադրվել են Ռուսաստանի իշխանությունների հետ կապված ընկերությունների կողմից, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Սոցցանցի գլխավոր իրավաբան Քոլին Սթրեթչի խոսքով՝ այս բոլոր հայտարարություններն օգտագործվել են 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում միջամտության արշավի մեջ:

«Մենք վստահ են, որ պետական կառույցների համար վիթխարի նշանակություն ունի տեղեկատվությունը, որը մենք պետք է հանրությանը ներկայացնենք այն նպատակով, որ ամբողջովին հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունեցել 2016 թվականի ընտրարշավի ժամանակ»,- նշված է իրավաբանի պաշտոնական հայտարարության մեջ:

Վերջին շաբաթների ընթացքում Facebook-ը Կոնգրեսին համանման հայտարարությունների «մի քանի նմուշներ» է փոխանցել՝ հայտարարելով, որ ընկերությունը չեզոքացրել է 470 էջ, որոնք ստեղծել էին Մոսկվայի հետ կապված մասնավոր անձինք եւ ընկերություններ:

Facebook-ի անձնական էջում տեղադրված հոլովակում սոոցցանցի հիմնադիր Մարկ Ցուքերբերգը հայտնել է, որ իրեն պատկանող ընկերությունը «ԱՄՆ իշխանությունների հետ ակտիվորեն համագործակցում է ռուսական միջամտության վերաբերյալ շարունակվող հետաքննության շրջանակում»: