Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին այցելել է Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտե, հանդիպել կոմիտեի նախագահ շեյխա Ֆարիհա ալ Սաբահի հետ:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կոմիտեն իրականացնում է կրթամշակութային, մարդասիրական, նաեւ սոցիալական` հատկապես կանանց, երեխաների, ծերերի, հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված մի շարք ծրագրեր ինչպես Քուվեյթում, այնպես էլ տարբեր երկրներում:
Շեյխա Ֆարիհա ալ Սաբահին հետաքրքրվել է վերոնշյալ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններով: Նա ափսոսանք հայտնել, որ նոյեմբերին Հայաստան նախատեսված իր այցը չհաջողվեց եւ տեղեկացրել է, որ մտադիր է այցելել հաջորդ տարի` անձամբ ծանոթանալու երկրին ու մշակույթին, ինչպես նաեւ լինել մանկատներում եւ ծերանոցներում: Շեյխա Ֆարիհա ալ Սաբահին նշել է, որ արտասահման այցերի ժամանակ եւս մեծ ուշադրություն է դարձնում սոցիալապես անապահով խմբերի խնդիրներին եւ փորձում է օգտակար ծրագրերի իրականացմամբ կամ աջակցությամբ մեղմել նրանց հոգսերը:
Ա. Գեւորգյանը նշել է, որ այդ այցը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալ գործակցության հնարավորություններին: Անդրադառնալով համատեղ ծրագրերի իրականացմանը` Ա. Գեւորգյանը տեղեկացրել է, որ կոմիտեի ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտները ՀՀ կառավարության համար եւս առաջնային են: Մասնավորապես սոցիալական այդ խմբերի խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ առաջին տիկնոջ ուշադրության կենտրոնում, եւ Հայաստանում հետաքրքրված են նրանց բարեկեցության ապահովմանը միտված նոր ծրագրերի իրականացմամբ:
Երկուստեք արձանագրվել է, որ հայ ու արաբ ժողովուրդների` միմյանց նկատմամբ հարգանքն ու դրական զգացմունքները տարբեր ոլորտներում համագործակցություն ծավալելու լայն հնարավորություն են ստեղծում:




























