Ավելի քան 460 հազար մարդ Լոնդոնի իշխանություններից պահանջել է վերանայել Uber առցանց տաքսի ծառայություններ իրականացնող ընկերության լիցենզիան չերկարացնելու մասին որոշումը: Ուրբաթ համապատասխան պետիցիա է սկսվել change.org կայքում, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

«40.000 վարորդների գոյության աղբյուրը եւ միլիոնավոր լոնդոնցիների սպառողական ընտրության իրավունքը պաշտպանելու  համար ստորագրեք պետիցիան, որը պահանջում է չեղարկել Լոնդոնում Uber- ի գործունեությունն արգելելու մասին որոշումը», - ասվում է էլեկտրոնային միջնորդագրի տեքստում, որը նախատեսվում է հանձնել Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանիին:

Լոնդոնի հասարակական տրանսպորտը ղեկավարող եւ տաքսիների օպերատորներին լիցենզիա տրամադրող Transport for London ընկերությունը եկել է այն եզրահանգման, որ Uber London Limited-ը չի կարող համարվել լիցենզիա ունեցող պատշաճ ընկերություն։

Ընկերության ներկայիս լիցենզիայի ժամկետը, որը վերաբերում է բջջային հավելվածին, ավարտվում է սեպտեմբերի 30-ին։

Uber-ը  կարող է 21 օրվա ընթացքում  բողոքարկել որոշումը։ Ընկերությունն արդեն հայտնել է այդ իրավունքից օգտվելու մասին։ Մինչ բողոքարկման գործընթացի ավարտը ընկերությունը կարող է Լոնդոնում մատուցել իր ծառայությունները։

Uber-ի բջջային հավելվածից օգտվում է 3.5 մլն մարդ: