Դեկտեմբերի 7-10-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ընթացող «Եվրոպայի ու Ասիայի լրատվամիջոցների ֆորում»-ի շրջանակներում ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը կազմակերպել է ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի (հետխորհրդային ողջ տարածքի) լուսանկարիչների ցուցահանդես:
«Լուսագրություն» խորագրով ցուցահանդեսում ամենամեծ ցուցադրություններից մեկը նվիրված է եղել տաղանդավոր հայ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի անկրկնելի գործերին:
Ներկայացված տասնյակ լուսանկարներից երկուսը վերաբերել են Արցախին` ԼՂՀ Մարտակերտի շրջանին, որոնք մակագրվել են համապատասխանաբար` «Լքված գերեզման Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում, Հայաստան, 1993» եւ «Լքված գյուղ Մարտակերտի շրջանում, Հայաստան, 1993»:
Միջոցառման երկրորդ օրը` դեկտեմբերի 8-ին, ցուցահանդեսի բացումից մի քանի ժամ անց, միջոցառման մասնակից հայ պատվիրակներն արձանագրել են, որ Ռուբեն Մանգասարյանի վերը նշված երկու լուսանկարների մակագրությունները բավականին կոպիտ ձեւով պատռված են: Հայ պատվիրակների վրդովմունքին ի պատասխան, միջոցառման կազմակերպիչները, խոստացել են վերականգնել մակագրությունները` «Հայաստան» տեղանունը փոխարինելով «Ղարաբաղ»-ով: Քիչ անց մակագրությունները վերականգնվել են` միջոցառման կազմակերպիչների հետ համաձայնեցրած մակագրությամբ, եւ մինչեւ միջոցառման ավարտը Ռուբեն Մանգասարյանի հավաքածուն ամբողջությամբ ներկայացված էր մասնակիցների դատին:
Հայ լուսանկարչի գործերի շուրջ ծավալված զարգացումները մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների շրջանում:
Ի դեպ, ադրբեջանցի պատվիրակները բավականին նյարդայնացած են եղել, անընդհատ փորձեր են ձեռնարկել նկարները դուրս բերել ցուցադրությունից, անգամ կանչել են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանին, սակայն այդ ամենը որեւէ արդյունք չի տվել: Չնայած դրան, ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ են տարածել, թե իբր լուսանկարները հանվել են ցուցադրությունից, իսկ կազմակերպիչները ներողություն են խնդրել: Ընդ որում` ադրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Մանգասարյանին ներկայացրել են որպես Ռուբեն Բաղդասարյան:
Ցուցահանդեսի կազմակերպիչները տեղում հավաստիացրել են, որ ադրբեջանական հաղորդագրություններում բոլոր երեք փաստերն իրականությանը չեն համապատասխանում. Լուսանկարների հեղինակը նշված Բաղադասարյանը չէ, դրանք ցուցադրությունից չեն հանվել, իսկ ներողություն որեւէ մեկը չի խնդրել:
Հավելենք, որ նշված լուսանկարները միջոցառման սկզբից մինչեւ վերջ մշտապես եղել են իրենց տեղում:





























