ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Պետդեպարտամենտի վերակազմավորման շրջանակներում առաջարկել է լուծարել  Պետդեպարտամենտի շուրջ 30 հատուկ ներկայացուցիչների պաշտոնները, այդ թվում նաեւ նրանց, ովքեր զբաղվում են Սիրիայի ճգնաժամի եւ Մինսկի խմբում ղարաբաղյան հակամարտության հարցով: Այս մասին Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քորքերին ուղղված նամակում, որը ներկայացրել է Politico կայքը, գրել է Թիլերսոնը:

Նամակում, մասնավորապես, նշվում  է, որ Եվրոպայի  եւ Եվրասիայի հարցերով բյուրոն կպահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ավագ ներկայացուցչի հաստիքն ու գործառույթները:

«Պաշտոնը կլուծարվի, իսկ գործառույթները կշարունակի իրականացնել  պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականը: Թափուր տեղը եւ օժանդակ ծախսերի համար 182 000  դոլարը կտնօրինի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն», - ասված է նամակում: