Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է ղարաբաղյան հակամարտության հետ կապ ունեցող դատապարտյալներին: Այս մասին Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանն ասաց NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Դիլհամ Ասքերովի ազգականների հայտարարությունները:

«Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն այցելում է արգելանքի տակ գտնվող անձանց՝ նրանց պահման պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգ անցկացնելու համար, ինչպես նաեւ այն նպատակով, որ նրանց հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն տրվի: Սակայն դատապարտյալն ինքն է որոշում՝ օգտվի հարազատների նամակներին մշտապես պատասխանելու իրեն տրված հնարավորությունից, թե ոչ: Այսպիսով, դեպքեր են պատահում, երբ դատապարտյալը կարող է եւ չցանկանալ նամակ գրել, եւ ԿԽՄԿ-ն հարգում է դատապարտյալի ցանկությունը»,- նշեց Էթերի Մուսայելյանը:

Նշենք, որ նախօրեին Ասքերովի եղբայրը դժգոհել էր, որ այս տարվա մարտից իրենք Դիլհամ Ասքերովից ոչ մի տեղեկություն չունեն. «Մեզ ասում են, որ Դիլհամը չի ցանկանում նամակ գրել, խոսել տեսակապի միջոցով»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  

Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ՝ 22 տարվա ազատազրկման: