Այսօր` դեկտեմբերի 10-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը: Մասնավորապես, փաստաթղթում ներկայացված են կիբեռահաբեկչության դեմ պայքարի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու միջոցառումները:
Այնուհետեւ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են նախագծի բովանդակությանն առնչվող հարցեր:
Ընդգծելով ներկայացված նախագծում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների առաջարկությունների ու դիտողությունների ներառման անհրաժեշտությունը` խորհրդակցության մասնակիցները հավանության են արժանացրել Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը:





























