Տարեսկզբի ութ ամիսներին էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից  ավելացել է 9,9 տոկոսով։ Ընդհանուր առմամբ առաքվել է շուրջ 955 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 868 մլն կՎտ ժամի դիմաց։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտահանման հիմնական մասը բաժին է ընկել իրանական շուկային: Վերականգնվել են մատակարարումները նաեւ դեպի Վրաստան. նախորդ տարվա զրոյական առաքումների դիմաց, այս տարի վրացական շուկա է մատակարարվել ավելի քան 116 մլն կՎտ էլեկտրաէներգիա։ Դա հնարավոր է դարձել փետրվարին «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ի եւ «Գլոբալ Ինթերնեյշոնալ Էներջի» կորպորացիայի միջեւ ստորագրված՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագրի կնքման արդյունքում, ինչը թույլ է տվել օպտիմալացնել Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրման եւ սպառման ռեժիմները։

Այս տարվա ութ ամիսներին իրանական շուկա է մատակարավել 805 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։

Ակնկալվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի առաքման տեմպերը կակտիվանան։ Նախատեսվում է մինչեւ տարեվերջ արտահանման աճը հասցնել առնվազն 20 տոկոսի։

Նշենք նաեւ, որ նույն ժամանակահատվածում ներքին շուկայում սպառվել է 4,1 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 276 մլն կՎտ ժամով կամ շուրջ 7,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։