Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին սիրով կդասավանդի «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած «Լիբերալ քաղաքական դպրոցում»: Այս մասին նշվել է դպրոցի բացման պաշտոնական արարողության ժամանակ:
«Որպես դիվանագետ ես փորձում եմ հավասարապես հեռու մնալ քաղաքական եւ գաղափարական մոտեցումներից, այնուամենայնիվ, հավատացած եմ, որ այս դպրոցը կարեւոր նախաձեռնություն է երկու պատճառով։ Առաջին հերթին, դեռեւս ավարտված չէ քաղաքական կուսակցությունների ձեւավորման գործընթացը»,-,-ընդգծեց Սվիտալսկին ու շարունակեց. «Բնական է, որ քաղաքական կուսակցությունները պետք է զարգացնեն իրենց կուսակցական ինքնությունը եւ գրավեն ընտրազանգվածների ուշադրությունը։ Միաժամանակ, նման դպրոցները կարող են օգնել երիտասարդների կրթման եւ քաղաքական բանավեճի ծավալման ու խորացման գործում։
Երկրորդ հերթին, այսպիսի դպրոցները հնարավորություն կտան ավելի շատ երիտասարդների ներգրավումը քաղաքական բանավեճերին։ Խոսքը միայն նոր դեմքերի կամ նոր իրավիճակների մասին չէ, այլ ավելի շուտ քաղաքական դժվարին իրավիճակներում արդյունավետ լուծումներ գտնելու հասարակության կարողության ավելացմանը»:
Սվիտալսկիի խոսքով, ինչ էլ ասեն ազատականների մասին, լիբերալները մաս են կազմում արեւմտյան քաղաքակրթությանը:
Նշենք, որ «Լիբերալ քաղաքական դպրոցի» առաջին ուսումնական փուլը կսկսվի հոկտեմբերի 1-ին:




























