Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը, որը հայտարարել էր, թե Facebook-ն իր հանդեպ թշնամական քաղաքականություն է վարում, փոխանցում է Gazeta-ն:
«Թրամփն ասում է, որ Facebook-ն իր դեմ է: Լիբերալներն ասում են, որ մենք Թրամփին օգնել ենք: 2 կողմերն էլ վրդովվում են այն գաղափարների եւ կոնտենտների պատճառով, որոնք իրենց հաճելի չեն: Ահա թե ինչ է նշանակում հարթակի կառավարումը, որը բաց է բոլոր գաղափարների համար»,- Facebook-ի իր էջում հայտնել է Ցուկերբերգը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններն «առաջինն էր, որի ժամանակ համացանցը դարձել էր հանրության հետ թեկնածուների շփման հիմնական միջոցը»:
«Ընտրություններից հետո ես ասել եմ՝ ընտրությունների ելքի վրա Facebook-ի ազդեցության գաղափարի օգտագործումը խելահեղություն է: Դա քամահրանք էր, ես ափսոսում եմ ասածի համար»,- եզրափակել է Ցուկերբերգը:
Նախօրեին Դոնալդ Թրամփը իր «Թվիթերում» հայտարարել էր Facebook-ի ղեկավարության եւ ամերիկյան լրատվամիջոցների միջեւ դավադրության կասկածների մասին:




























