Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիար Կարեն Գրիգորյանի:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ նման այցերի շնորհիվ Հայաստանի եւ Իրաքի միջեւ հարաբերություններն ու գործակցությունը սերտանում եւ առավել ամրապնդվում են: Հայոց Հայրապետը տեղեկացրեց նախարարին, որ օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է նաեւ Իրաքի Քրիստոնեական Եկեղեցիների առաջնորդներին:
Իր հերթին տիար Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբին շեշտեց, որ հայ ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է, եւ Հայաստան իր այցի նպատակն այդ բարեկամության առավել ամրապնդումն է:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Իրաքի գյուղատնտեսության նախարարն անդրադարձ կատարեցին Իրաքում տիրող իրավիճակին եւ առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին: Խոսվեց նաեւ Իրաքում քրիստոնեական համայնքների, այդ թվում նաեւ` հայ համայնքի դիմագրաված դժվարությունների մասին:
Այս առնչությամբ նախարար Ալ-Լահիբին վստահեցրեց, որ իշխանություններն անհրաժեշտը պիտի անեն` զորակցելու բոլոր համայնքներին` վերականգնելու իրենց խաղաղ ու ապահով կյանքը: Խոսելով հայ համայնքի մասին` վերջինս տեղեկացրեց, որ հարյուր տարի առաջ Իրաքն իր դռները բացեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայորդիների առջեւ, եւ այսօր համայնքը Իրաքի անբաժանելի մասն է կազմում եւ լիարժեքորեն մասնակցում է երկրի կառուցմանը:
Գարեգին Բ Կաթողիկոսը, իր գնահատանքը հայտնելով հայ համայնքի նկատմամբ դրսեւորվող ջերմ վերաբերմունքի համար, մաղթեց, որ Իրաքը շուտափույթ հաղթահարի այս փորձությունները եւ Իրաքի բարեսեր ժողովուրդը վերստին ապրի խաղաղ եւ ստեղծագործ կյանքով:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Բարձրյալին` հաստատուն եւ անխախտ պահել հայ-իրաքյան դարավոր բարեկամությունը եւ արդյունավորել նախարար Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիի գործունեությունն ու առաքելությունը:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:




























