Համաձայն ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի` ՊԲ հակաօդային պաշտպանության զորամասերի եւ ստորաբաժանումների հետ սեպտեմբերի 25-ից 29-ը անցկացվել են «Պաշտպանական օպերացիայում հակաօդային պաշտպանության վարումը հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի եւ կրակային միջոցների աղդեցության պայմաններում» թեմայով մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորախաղեր:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորախաղերը նպատակաուղղված էին հանրապետության օդային սահմանի անվտանգությունն ապահովող զինծառայողների մասնագիտական գիտելիքների եւ հրամանատարական ունակությունների կատարելագործմանը, շտաբների ներդաշնակվածության, մարտական գործողությունների նախապատրաստման ու վարման արդյունավետության բարձրացմանը:

Մարտավարամասնագիտական զորավարժությունը միտված էր նաեւ ստուգելու ՀՕՊ ուժերի եւ միջոցների մարտական պատրաստականության մակարդակն ու ստորաբաժանումների մարտական խնդիրների կատարման ունակություները, ինպես նաեւ գնահատելու զորատեսակի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի իրական հնարավորությունները:

Մարտավարամասնագիտական զորախաղերի արդյունքում, որոնք խաղարկվել են հանրապետության ամենատարբեր աշխարհագրական գոտիներում եւ մարտավարական արագ փոփոխվող պայմանական իրավիճակներում, հակաօդային պաշտպանության զորքերը եւս մեկ աստիճանով բարձրացրել են դաշտային վարժվածության մակարդակն ու ձեռք բերել մասնագիտական նոր գիտելիքներ ու կարողություններ:

Զորախաղերը հնարավորություն են ստեղծել նաեւ փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաեւ տարբեր օղակների հրամկազմի եւ ժամկետային զինծառայողների մարտական վարպետության աստիճանը կատարելագործելու համար:

Ելնելով զորավարժության արդյունքներից՝ կարող ենք փաստել, որ զորատեսակը գտնվում է մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի վրա, ինչը թույլ կտա այսուհետ եւս իրականացնել հանրապետության օդային սահմանի անվտանգության  հուսալի եւ լիարժեք  ապահովումը: