Uber–ի նախկին աշխատակից Էնտոնի Լեւանդովսկին, որին նաեւ կասկածում են Waymo ընկերության գաղտնի տեխնոլոգիաները գողանալու մեջ, սեփական եկեղեցին է հիմնել։ «Ապագայի ուղի» կրոնական կազմակերպությունը կքարոզի AI արհեստական ինտելեկտին երկրպագություն, հայտնում է Wired–ը։

Համաձայն փաստաթղթերի՝ կազմակերպության նպատակն է լինելու արհեստական ինտելեկտի վրա հիմնված աստվածային էության ստեղծում եւ զարգացում։ Տեխարդյունաբերության մյուս ներկայացուցիչների պես Լեւանդովսկին հավատում է, որ հետագայում AI զարգացումը կհանգեցնի մարդուց խելացի մեքենաների ստեղծման։ Դրանք էլ կլինեն նոր սերնդի «աստվածները»։

2017–ի սկզբին Google–ին պատկանող Waymo ընկերությունը դատական հայց էր ներկայացրել Uber եւ Otto ընկերությունների դեմ։ Հայտարարության մեջ ասվում էր, որ նրա նախկին գլխավոր ինժեներ Էնտոնի Լեւանդովսկին, ով հետո հիմնել էր Otto–ն, ծառայողական համակարգչից մոտ 10 Գբայթ ֆայլ է բեռնել, որոնք գաղտնի ինֆորմացիա էին պարունակում։